Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Ժողվարչապետի այցը Լենինգրադ նորից դարդուցավ պատճառեց հայրենի ընդդիմադիրներին

Ժողվարչապետի այցը Լենինգրադ նորից դարդուցավ պատճառեց հայրենի ընդդիմադիրներին
24.12.2025 | 12:33

Ասում են՝ Պուտինը դրան լավ ընդունեց, հնարավոր է, ընտրություններին աջակցի և այլն, և այլն: Եվ զարմանում են, որ Պուտինն իրենց չի աջակցում: Այս առիթով մի քանի նկատառում արտահայտեմ:

Առաջին։ Վլադիմիր Պուտինը դաստիարակված անձնավորություն է, մարդկանց հետ հարգալի է վարվում, ամերիկյան նախագահի պես չի նվաստացնում, իր տերության գերազանցությունը չի ընդգծում:

Երկրորդ։ Պուտինը երբեք չի սատարել կամ աջակցել ՀՀ ժողվարչապետին. ի՞նչ ընդհանուր բան կամ համակրանք կարող է լինել ԿԳԲ-ի գնդապետի և արևմտական գրանտակերի միջև: Պուտինը դրան ընդամենը հանդուրժում է, ինչպես ժամանակին հանդուրժում էր Սաակաշվիլիին, բանդերականներին, բայց դա հավերժ չի տևի:

Երրորդ: Պուտինը սկզբունքորեն չի սատարի Հայաստանի գեթ մեկ ընդդիմադիր ուժի, քանզի նրանք բոլորը բազմավեկտոր են: Իսկ ինչ ասել է բազմավեկտորություն քաղաքականությունում, Պուտինին քաջ հայտնի է: Դա ամենախայտառակ, անսկզբունքային, անողնաշար բանն է պետության համար, որը տանում է միայն կործանման: ՀՀ երկրորդ նախագահը ողջունում է TRIPP կոչված չարիքը Հայաստանի համար, քանի որ Ամերիկան, իբր, էն երկիրը չէ, որ մի բան ստորագրես, հետո հրաժարվես: Առաջին ու երրորդ նախագահները դեռ չեն ողջունել դա, բայց դեմ էլ չեն արտահայտվել: Ազգային բարերար Կարապետյանի հիմնած շարժման ուշքնումիտքը Միացյալ Նահանգներն է, Ռուսաստանում փող են սարքում, այդ փողով քաղաքականություն են մտնում, բայց քաղաքական պրոյեկտի պրեզենտացիան անում են Ամերիկայում: Հորեղբոր կողմից ապագա ժողվարչապետ նշանակված պրն Նարեկը անվտանգության երաշխիքներ է ուզում Արևմուտքից, միայն Ռուսաստանով և ՀԱՊԿ-ով չի բավարարվում, բնականաբար, ողջունում է նաև TRIPP-ը և ամերիկյան բոլոր հրահանգները գործող ռեժիմին:

Հիմա, ինչպե՞ս և ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը սատարի սույն քաղաքական ուժերին: Մեծ հաշվով, նա տարբերություն չի տեսնում փաշինյան նիկոլի և, ասենք, Քոչարյանի միջև: Պուտինի ինչի՞ն է պետք դաշնակից, որի կյանքի իմաստը իր թշնամիների հետ դաշնակցային, եղբայրական հարաբերություններն են: Պուտինը պարզապես կսպասի այս կինոյի տրամաբանական ավարտին, Թրամփի ուղու կառուցմանը, որից հետո իր խոսքը կասի:

Այլ հարց, եթե երկրում գործող քաղաքական ուժերից որևէ մեկը հանդես գար շատ պարզ, ազգային օրակարգով: Օրինակ. Արևմուտքի հռչակում որպես թշնամի հայ ժողովրդին և դրա վտարում Հայաստանից, Արևմուտքից պարտադրված բոլոր պրոյեկտների վիժեցում, լինի դա եվրաասոցիացում, թե TRIPP, ՆԱՏՕ պետությունների դեսպանատների կորպուսների կրճատում մինչև հինգ գլուխ (ներառյալ դեսպանի վարորդին), բոլոր արևմտյան գրանտատու կազմակերպությունների և գրանտակերության՝ որպես զբաղմունքի ձև, արգելք օրենքի ուժով: Կարծում եմ, Ռուսաստանը կսատարի նման քաղաքական գործիչներին, իսկ եթե Ռուսաստանը մի բան անում է, դա նրա մոտ ստացվում է, հատկապես եթե հակառակ կողմում Արևմուտքն է:

Պետք չէ հիշեցնել, որ 2008-ից ի վեր բոլոր բախումներում հավաքական Արևմուտքը Ռուսաստանից խայտառակ պարտություններ է կրել, և Հայաստանը բացառություն չի լինի: Հայաստանին ընդամենը պետք է քաղաքական ուժ, որը մի պահ կմոռանա, որ հայ ժողովրդի ու նրա պետության երկրային առաքելությունը Արևմուտքի գործիք լինելն ու Արևմուտքի շահերի սպասարկումը չէ: Այդ դեպքում ամեն ինչ բնականոն ընթացք կունենա՝ կլինի և սատարում, և աջակցություն, և այն ամենը, ինչով ամերիկացիք ապահովում են իրենց բուծած գրանտակերներին տարբեր երկրներում զանազան թավշյա, ոչ բռնի հեղափոխությունների ժամանակ:

Սակայն Հայաստանին նման ապագա չի սպառնում, այնպես որ ժողվարչապետը կարող է հանգիստ քնել՝ արևմտականությունը հայ գենոֆոնդում արմատացած ու ճյուղավորված է, ինչպես և չարչիությունը, այսինքն, խոսքը աշխարհի ամենաայլանդակ բաների մասին է: Իսկ դրանց առկայության դեպքում ի՞նչ նորմալ ապագայի մասին կարելի է խոսել…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ